ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ

Սուրբ Սարգսի տոնը, ինչպես նաև Ս․ Սարգսի պաշտամունքը մեծ ժողովրդականություն ուներ հայոց մեջ, հատկապես երիտասարդների շրջանակում, և մասնակիորեն պահպանվել է մինչև մեր օրերը։ Այն նշելու հաստատուն օր չուներ։ Սուրբ Սարգսի տոնով սկսվում էր Բարեկենդանը, որին անմիջականորեն հաջորդող Մեծ Պահքի շրջանը ավարտվում էր Զատիկով։ Այսպիսով, անուղղակիորեն կապվելով 35-րդ շարժունակություն ունեցող Զատիկի հետ, Սուրբ Սարգսի տոնը նույնպես շարժվում էր 35 օրերի ընթացքում, նշվելով հունվարի 18-ից մինչև փետրվարի 23-ն ընկնող այն շաբաթ օրը, որը տվյալ տարվա Զատիկի տոնից առաջ էր ուղիղ 63 օր։

Սուրբ Սարգիսը ժողովրդական պատկերացումներում գորշ կամ ճերմակ ձիավոր էր, քաջ ու համարձակ։ Նա իշխում էր հողմերին, քամուն ու բքին, կարկուտին ու կայծակին, և շատ հաճախ ձմռան ցրտերին նրանից էր կախված ճանապարհներին գտնվող մարդկանց կյանքը։ Սուրբն իր գորշ, արագընթաց ձիով սրընթաց շրջում էր լեռներում և օգնության հասնում կարիքավոր ճանապարհորդներին։ Սակայն Ս․ Սարգսի կարևոր դերակատարումներից մեկը երիտասարդ սիրահարներին, հատկապես՝ աղջիկներին, որոնք իրենց կամքին հակառակ հաճախ ամուսնացնում էին, օգնության հասնելն էր։ Այդպիսի դեպքերում աղջիկները աղոթքներով Ս․ Սարգսին օգնության էին կանչում։ Ս․ Սարգսի օգնության կարիքն ունեին հատկապես սիրահարված զույգերը։
Երիտասարդները գիտեին, որ Ս․ Սարգիսը սիրո կողմնակից է, սիրո ճանապարհը բացող և սիրակոտոր երիտասարդների պատրաստակամ ու արագահաս օգնականը, եթե վերջիններս հարգանքով ու սիրով են հիշում Սրբին և դիմում են նրա օգնությանը։
Երբեմն սիրահար զույգերը ծնողների կամքին հակառակ փախչում էին և դրա անունը դնում աղջիկ փախցնել։ Փախած զույգը գիշեր ցերեկ աղոթում էր Սուրբ Սարգսին՝ աղաչելով մեղմել զայրացած ծնողների ու ազգականների կարծրացած սրտերը։
Սուրբ Սարգսի օգնության կարիքն ունեին նաև հղի կանայք, և աղոթքներ կան, որոնցով նրանք դիմում են բարեգութ սրբին։ Առհասարակ այս սուրբը նաև համարվում է ընտանիքների հովանավոր և, մասնավորապես նրա տոնի գիշերը ակնկալում էին սրբի թաքուն այցելություն ընտանիք, որի դեպքում տվյալ ընտանիքին մեծ երջանկություն էր սպասվում։
Սուրբ Սարգսի հիմնական ակտիվության շրջանը հունվար-փետրվար ամիսներն էին՝ բուքերի, ձյունամրրիկների շրջանը։ Ի դեպ, փետրվար ամսին փչող քամիներին մեր հարևան վրացիներն անվանում էին հայերի կամ Սուրբ Սարգսի քամի։ Սակայն նա կարող էր հանդես գալ տարվա այլ շրջաններում, կարկուտ բերելով մարդկանց արտերի վրա կամ ընդհակառակը կանխելով կամ կասեցնելով կարկուտը։ Նրա օգնությանն էին դիմում նաև կայծակների ժամանակ։ Սիրահարներին նա բնականաբար օգնության էր հասնում տարվա ամենատարբեր ժամանակներում, երբ դրա կարիքը կար։
Սուրբ Սարգսի տոնը թեև զանգվածայնությամբ զիջում էր շատ տոնների, սիրված ու սպասված տոներից էր։ Այն նշվում էր գլխավորապես ընտանեկան միջավայրում, և սկսվում էր փաստորեն երկուշաբթի օրը սկսվող պահքով։ Հայոց եկեղեցական տոնացույցում այս պահքը պաշտոնապես կոչվում է Առաջավորած պահք, սակայն ժողովրդի կոմից այն միշտ անվանվել է Սուրբ Սարգսի, իսկ երբեմն էլ՝ խաշիլի պահք։ Խաշիլի պահք անունը գալիս է այն հանգամանքից, որ հնգօրյա այս պահքի ընթացքում արգելված էր ուտել հայոց առտնին կենցաղում խիստ տարածված կերակրատեսակը՝ խաշիլը։ Այս պահքի առանձնահատկությունն այն էր, որ կենդանական մթերքից զատ չէին ուտում աղանձ ու փոխինձ, ինչպես նաև սրանցից պատրաստված խորտիկներ, այդ թվում բնականաբար նաև խաշիլ; Այս բացառապես ժողովրդական արգելքներն բացատրվում էին Սուրբ Սարգսի կերպարի շուրջ առկա ավանդազրույցներով։
Պահքը բոլորն էին պահում, բայց երիտասարդների մի մասը, ուխտ անելով անսվաղ կամ միաժում ծոմ էին պահում։ Անսվաղ ծոմն այն է, որ մինչև պահքը բացելը միայն ջուր էին խմում, միաժում ծոմ պահողներն ուտում էին օրվա մեջ միայն մեկ անգամ, մութն ընկնելուց հետո։ Ծոմը պահում էին Սուրբ Սարգսի պատվին, և այդ ծոմ պահելն այդքան էլ անշահախնդիր չէր։ Ծոմ պահողների ուղտի իղձը հիմնականում ամուսնությունն էր սիրածի հետ, և ծոմ պահելով Սուրբ Սարգսի պատվին, նրանից աջակցություն էին ակնկալում։ Ակնում պահպանված մի երգ վկայում է, որ Սուրբ Սարգսի պահք պահողներին Սուրբն օգնություն էր խոստանում, չպահողներին սպառնում էր պատժել։
Սուրբ Սարգսի պահքի օրերին արգելքները տարածվում էին ոչ միայն ուտելիքների, այլև աշխատանքի որոշ տեսակների, մարմնի խնամքի վրա։ Այսպես այդ օրերին արգելվում էր լվացք անել, օճառ գործածել, լողանալ կամ գլուխ լվանալ, ճախարակ մանել, գործ ունենալ բրդի, մազի հետ։ Վստահ էին, որ մազ լվանալու դեպքում Սուրբ Սարգսի ձիու ոտքերին թնջուկ կփաթաթվի և որպես պատիժ իրենց մազերը կթափվեն։ Որոշ տեղեր, սակայն Սուրբ Սարգսի պահքի ժամանակ շատ մարդիկ պոկում էին իրենց մազերը և աղոթքներով հանձնում քամուն, հավատալով, որ Սուրբ Սարգիսն իրենց մազերի հետ կտանի նաև իրենց ցավը։
Քեսապում ամբողջ շաբաթ անտառներից ու արտերի մոտերքից տաշեղներ ու արմատներ էին բերում Սուրբ Սարգսի գիշերվա կրակի համար, որը պետք է վառվեր մինչև լույս։ Այդ նույն շաբաթ երեխաների ամենասիրած խաղը Մյուշտուկ կոչված խաղն էր։ Այն մեկուկես թիզ երկարությամբ փայտիկ է, որոնք կռվացնելով շահում էին միմյանցից, երեկոները հաղթածները հաճախ տուն էին բերում մի գիրկ Մյուշտակ, որը շաբաթվա ընթացքում պատկառելի քանակություն էր դառնում։ Այն հատկապես կուտակում էին աղի հացը թխելու համար։
Գետաշեն գյուղում որտեղ տոնը կոչվում էր խաշիլի պահք, ողջ շաբաթ երեխաները դարձյալ շրջում էին տնետուն, երգում և մթերքներ հավաքում։
Հավաքում էին փոխինձ, դոշաբ, աղանձ, ցորեն, ալյուր։
Հայոց որոշ ազգագավառներում ծոմը սկսում էին կիրակի երեկոյան և այն տևում էր մինչև չորեքշաբթի երեկո, կամ ընդհակառակն ծոմը սկսում էին չորեքշաբթի առավոտից և շարունակում էին մինչև շաբաթ առավոտ, այսինքն՝ երեք օր։ Այդ վայրերում, որտեղ ծոմը տևում էր մինչև չորեքշաբթի, չորեքշաբթի օրը մեծ տաշտի մեջ պատրաստում էին փոխինձի և խաղողի դոշաբի շաղախ, հարթեցնում, վրան խաչաձև նշան գծում և գիշերը տան ներսում պահում մի մատչելի տարածքում, հուսալով, որ ձիավոր Սարգիսն իր գիշերային սլացքի ժամանակ իրենց տուն կմտնի և ձիու պայտի հետքը թողնելով այդ անուշեղենի վրա՝ կհավաստի, որ տեսել և գնահատում է իր տոնը պահող ընտանիքը նվիրվածությունը իրեն։ Այդ նույն չորեքշաբթի երեկոյան տանտերն ընթրիքի ժամին մի բուռ փոխինձ է մոտեցնում իր բերանին ու փչում՝ նպանակելով ձյունամրրիկի տեսարանը։ Այնուհետև նա տնեցիներից յուրաքանչյուրին պատրաստված անուշեղենից մի-մի կտոր է տալիս՝ Սուրբ Սարգիսը քեզ պահապան լինի ասելով։ Այդ նույն չորեքշաբթի երեկոյան ամուրի երիտասարդներն ու աղջիկներն էլ աղի բլիթ են ուտում և այդպես ծարավ քնում՝ հուսալով երազում տեսնել իրենց ապագա կողակցին։
Ուշագրավ է բայազետում պահպանված սովորույթը, որ հավանաբար նախկինում պետք է տարածված լիներ ամենուր։ Այստեղ փաստորեն չորեքշաբթի օրվանից տնահանդեսներ էին կատարվում, հրապարակային պարեր, երգեր, երաժշտություն, խաղեր։ Պետք է ասել, որ սա միակ տոնն է, որին նախորդող պահքի ընթացքում տեղի էին ունենում զվարճահանդեսներ։ Եվ ահա այդ չորեքշաբթիից սկսած մինչև շաբաթ հասարակությանը զվարճացնում էին <<անմորուքները>>՝ այծի մորուքով, դիմակավորված մեկն էր, որը պատանիներով ու երեխաներով շրջապատված շրջում էր փողոցներում, ծաղրում անցորդներին, սրամտում, կատակում և ծիծաղեցնում հանդիսատեսներին։ Նա կարող էր ծեծել ցանկացած դուռ և բոլոր դռները բաց էին նրա և նրա թափորի առջև։
Նույնպես հնագույն սովորության համաձայն՝ Սուրբ Սարգսի չորեքշաբթի օրն ամեն տան մեջ աղանձ պիտի արվեր։ Այդ օրվանից տղաները շուն ծեծելով պտտվում էին տնետուն, կատակներ անելով տոնական ուտելիքներ պահանջում՝ միրգ ու աղանձ։ Բոլոր տներում նրանց պահանջն, անշուշտ, սիրով բավարարվում էր։ Շուն ծեծելու այս սովորույթը գալիս է այն հնագույն պատմություններից, ըստ որի՝ Սարգիս անունով մի վարդապետ անցյալում գյուղից գյուղ շրջելիս հետն ունեցել է մի շուն, որին գյուղին մոտենալիս իրենից առաջ է ուղարկել, և շանը ճանաչող գյուղացիները դիմավորելիս են եղել շան տիրոջը։ Այս շունն առաջնորդ՝ Արիցվուր անուն է ունեցել։ Սակայն վարդապետը բարի հիշատակ չի թողել և շուն ծեծելով տնետուն շրջող պատանիներն իրենց այդ խաղով իրականացնում էին դատապարտման, պարսավանքի, նախատինքի գործողությունը։
Հայոց ազգագավառների մեծ մասում ծոմը և պահքը բացում էին շաբաթ օրը։ Ուրբաթ օրը բոլոր տներում սկսվում էին թաթախման՝ պահքը բացելու նախապատրաստական աշխատանքները։ Մեղրաջրով, դոշաբով կամ պարզ շաքարաջրով փոխինձ էին շաղախում, ընտանիքի անդամների թվով գնդերի բաժանում։ Շատերը գերադասում էին այդ գործողությունը կատարել Ս․ Սարգսի անունը կրող սրբավայրերից մեկի մոտ։ Երեկոյան հանդիսավորապես բացում էին պահքը՝ փոխինձի իրենց գնդիկներն ուտելով։ Սակայն ծոմ պահած երիտասարդները դեռ չէին ուտում։ Նրանք քնելուց առաջ միայն խիստ աղի բլիթ էին ուտում, որպեսզի գիշերը երացում իրենց ջուր տվող մարդու շուրջ գուշակություններ անեն։ Աղի բլիթի մի կտորը կտրում էին, դնում բարձի տակ, մնացածն ուտում։
Որոշ տեղեր այդ գիշեր հատուկ բաղարջ էին թխում՝ առանց թթխմորի և աղի։ Խմորը երկու գունդ էին անում, երկու շերտերի բաժանում, շերտերից մեկի վրա շարում ընտանիքի հարստությունները խորհրդանշող առարկաներ, օր․՝ մրգեր, պանիր, դրամ և այլն, ծածկում խմորի երկրորդ շերտով և թխում։ Առավոտյան բաղարջը շերտատում էին երեխաների թվով և բաժանում․ ում բաժնից ինչ դուրս եկավ՝ նրան համապատասխան ժառանգություն էր սպասվում․ մրգեղենը՝ այգիներ, պանիրը՝ անասուններ, դրամը՝ հայրական տունը։ Եթե այդ առարկաններն աղջիկներին էին բաժին ընկնում, համապատասխանաբար նշանակում էր, որ նրա ամուսինը այգեպան, հովիվ կամ հարուստ մարդ կլինի և այլն։
Սիսիանում այդ երեկո նույնպես երեխաները խմբերով շրջում էին տնետուն, երդիկներից գուլպա կախում և Ս․ Սարգսին նվիրված երգեր երգելով՝ մթերք հավաքում։ Երգում էին թուրքերեն, Ս․ Սարգսին անվանում էին Խըդըր Նաբի, որ հավանաբար Զանգեզուրի թրքացած քրդերից էր մնացել։
Թեհրանում փերիահայերը Ս․ Սարգսի ուրբաթ օրը, եթե հատուկ իղձ էին պահած լինում, մատաղ էին անում։ Արդ օրվա համար չալաքի՝ առանց աղի ու թթխմորի հաց, էին թխում, որի մեջ դնում էին մատաղի միսը և յոթ տեղ բաժանում։
Այդ գիշեր տան տիկինները մի սկուտեղի վրա փոխինձ էին լցվում, զգույշ հարթեցնում և դնում տան պատվավոր անկյունում և աղոթում։ Վստահ էին, որ այդ գիշեր Ս․ Սարգիսը դուրս պիտի գար ման գալու և մարդկանց այցելելու։ Ում տուն մտներ, պիտի ստուգեր, թե պահվում է արդյոք իր տոնի ավանդական կարգը՝ փոխինձի պահք պահելը։ Շատերն այդ գիշեր դուռը բաց էին թողնում։ Ում տուն էլ այցելեր Ս․ Սարգիսը, որպես իր հատուկ վերաբերմունքի նշան՝ իր ձիու պայտի հետքը պիտի թողեր փոխինձի վրա։ Այսպիսով Ս․ Սարգսին սիրով սպասում էին երիտասարդները՝ իրենց սիրո հանգուցալուծման, տկարներն ու ճանապարհորդները՝ օգնության, բոլորը միասին՝ նրա զորության հետ հաղորդակցվելու հույսով։
Ս․ Սարգսի տոնի ուրբաթ գիշերը ինքը սպասված երջանկաբեր էր բոլոր հայերի համար, սակայն հատուկ անձկությամբ իրեն սպասում էին սիրահարված երիտասարդները։
Շաբաթ առավոտյան առաջին գործն, իհարկե, պատուհանի գոգին դրված փոխինձի ստուգումն էր, գուցե իրենց մեծագույն բախտ է վիճակվել և Սուրբն այցելել է իրենց տուն։
Հարսնացու աղջիկ ունեցող մայրերն այդ ժամին՝ փոխինձը ստուգելու գործընթացում, երգում էին։
Եթե հանկարծ ձիու պայտի հետքը նշմարվում էր, աննկարագրելի ուրախություն էր ընտանիքում․ ողջ գյուղը, բոլոր ազգականները, հարևաններն իմանում էին։ Իսկ այդ հետքը երբեմն նշմարվում էր, քանի որ ընտանիքից մեկն ու մեկը երբեմն գիշերը պայտը կամացուկ հպում էր հարթեցված փոխինձին։
Բոլոր դեպքերում անկախ ձիու պայտի հետքից, շաբաթ առավոտյան այդ փոխինձից խաշիլ էին անում և պահքը վերջնականապես բացում։ Աղի բլիթ կերած տղաներն ու աղջիկներն էլ պատմում էին իրենց տեսած երազը։ Այդ գիշերվա երազն անպայման պիտի պատմվեր։ Երազատեսը պատմում էր, թե ով իրեն ջուր տվեց, ինչպիսի գավաթով, որքան ջուր կար գավաթի մեջ և այլն։ Այդ մանրամասները գուշակության թեմաներ էին․ ոսկե գավաթը հարուստ մարդ էր նշանակում, արծաթի գավաթը՝ միջակ հարստություն, փայտե, պղնձե կամ կավե գավաթը՝ աղքատ, լիքը գավաթը երկար ամուսնական կյանք էր կանխագուշակում, թերի գավաթը՝ կարճ և այլն։ Շատերն ուղղակի ճանաչում էին ջուր տված մարդուն և դա հաստատ նշան էր, թե երազատեսի միջոցով ապագա ամուսինը կամ կինը այլևս հայտնի է։ Սրանով, սակայն, չէին ավարտվում գուշակությունները։ Ծոմ պահողներն իրենց փոխինձի գնդից մի կտոր կամ խաշիլից մի պատառ դնում էին իրենց տան երդիկին և հետևում, թե այդ կտորը կտցող թռչունները որ կողմ կթռչեն․ այստեղից էլ սպասվում էր ապագա ամուսինը կամ կինը։ Բայց, եթե թռչունը այդ պատառը տեղում էր կտցահարում և չէր թռչում, դա նշանակում էր, որ պատառի տեր տղան կամ աղջիկը երբեք չի ամուսնանալու։
Որոշ տեղերում Սուրբ Սարգսի պահքը բացելը լավ առիթ էր աղջիկների հավաքվելու համար։ Նրանք առավոտյան, դեռևս պահքը չբացած, հավաքվում էին մեկի տանը, միմյանց շնորհավորում տեսած երազների համար, մաղթանքներ անում սպասումների համար, համատեղ պատրաստում օրվա հանդիսավոր կերակուրը՝ հացըրդոնը, որը յուղի, ձվի ու ալյուրի սովորական շաղախն է՝ թավայի մեջ շերտերով տապակած։ Բնականաբար այդ տների շուրջը պտտվում էին երիտասարդ տղաները՝ հեռվից հեռու իրենց սիրած աղջիկներին տեսնելու հույսով։ Այդ վայրերում ծոմ պահող հարսնացուներին փեսացուների ընտանիքից զանազան անուշեղեններ էին ուղարկում որևէ նվերի հետ։ Հարսնացուի ընկերուհիները հավաքվում էին միասին վայելելու անուշեղենները, և այս կամ այն հարսնացուի տանը կայացող այս աղջկական հավաքները այս տոնի միակ հասարակական դրսևորումն էր։
Շատերը սակայն տանը պահք չէին բացում։ Գերադասում էին գնալ ուղտի՝ Ս․ Սարգսի անունը կրող որևէ սրբավայր։ Այստեղ մի քիչ ջուր էին լցնում խաչի վրա և այդ խաչլվայի ջրով ու մեղրով փոխինձից շաղախ պատրաստում և ուտում՝ պահքը բացում։ Այն մարդիկ որոնք այդ օրը գնացել էին Ս․ Սարգսի անվան սրբավայր, ուղտավայրից վերադառնալիս, որևէ մեկին հանդիպելիս ասում էին՝ խաչը քեզ ողջույն ուղարկի, ինչից հետո վերջինս պատասխանում էր՝ ողջ մնաս։
Սուրբ Սարգսի պահքին խարկված ցորենից և աղացած փոխինձից պահում էին և փոթորիկների ու կարկուտի ժամանակ դադարեցնելու նպատակով շաղ տալիս չոր կողմը, հատկապես դաշտերում։ Այս սովորույթն ուղղակի կապվում է Ս․ Սարգսի հողմային բնույթի հետ, ըստ որի նա կարողանում է փոթորիկ բարձրացնել, փոթորիկ դադարեցնել, ամպրոպ ու կարկուտ բերել և դրանք դադարեցնել։
Ս․ Սարգսի շաբաթ օրը վերջանում էր հաջորդ, շատ սիրված տոնի՝ Բարեկենդանի ազդարարումով։
Հայոց աշխարհի բազմաթիվ վայրերում կառուցվել են և շարունակվում են կառուցվել Ս․ Սարգսի վանքեր, եկեղեցիներ, մատուռներ։ Հայտնի են Ս․ Սարգսի մոտ 220 սրբավայրերը։ Հայաստանի տարածքում կառուցված ամենավերջին Սուրբ Սարգսի եկեղեցին 1999թ․ Երևանի Նոր Նորքի հինգերորդ զանգվածում կառուցված եկեղեցին է։

No comments:

Post a Comment

ՋՈՆ ՖԻՑՋԵՐԱԼԴ ՔԵՆԵԴԻ

Ջոն Ֆ. Քենեդին ընտրվեց Միացյալ Նահանգների երեսունհինգերորդ նախագահ քառասուներեք տարեկանում՝ լինելով ամենաերիտասարդ թեկնածուն և առաջինն ընտրվ...