ԱՄԱՆՈՐ (ՆՈՐ ՏԱՐԻ)

Հունվարի 1-ին տարին սկսելու և Նոր տարվա սկզբի տոն նշալու սովորույթը հայոց մեջ ընդհանրացել է համեմատաբար ոչ վաղ անցյալում։ Արևմտահայոց շրջանում, Կիլիկիայի տարածքի հայերի մեջ, մասամբ՝ արևելահայ որոշ ազգագավառներում և հայկական մի շարք գաղթօջախներում 19-րդ դարում Նոր տարին նշվում էր հունվարի 1-ին և բավական կայունացած արարողակարգ ուներ։ Սակայն մինչև 20-րդ հարյուրամյակի սկիզբը արևելահայ որոշ շրջաններում Նոր տարուն զուգահեռ, ավելի խանդավառ ու ջերմորեն նշում էին Նավասարդը՝ որպես Նոր տարի, և Նավասարդը նշող շրջաններում հունվարի 1-ին Նոր տարին նշելը սահմանափակվում էր ընդամենը միմյանց շնորհավորելով։ Այնուամենայնիվ տոնակատարությունն արդեն կայունանում էր և նրանում ամրագրվում էին տարեմտին կամ Նոր տարում բնորոշ սովորույթները։
Տոնի անունները հայոց մեջ տարբեր էին։ Հիշվում են Ամանոր, Տարեմուտ, Տարին Գլուխ, Նոր տարի, Կաղանդ, Կաղինդ, Կալոնտար ձևերը, Նոր տարուն նախորդող գիշերն էլ հայտնի էր Լոլեի գիշեր, Խլվլիկ, Կախ կամ Կաղ, Գոտեկախ անուններով, իսկ համշենահայերի մոտ՝ Ծաղկըմուտ։ Այս բոլոր անուններն ունեն իրենց բացատրությունները։ Նախ՝ Կաղանդ, Կաղինդ, Կալոնտար ձևերը գործածվել են գլխավորապես արևմտահայոց միջավայրում, հունական ազդեցությամբ։ Արևելահայոց մեջ առավել տարածված էին Նոր տարի, Տարեմուտ ձևերը։ Լոլեի գիշեր անունը, թերևս, գալիս է այն հանգամանքից, որ Նոր տարվան նախորդող օրը հայոց մեջ թխվող հացատեսակների շարքում ՝ Փուռիկ, Կլոճ և այլն, հիշատակվում է նաև Լոլիկը։ Կախ կամ Կաղ բառերը ժողովրդական ստուգաբանությամբ բացատրվում են այդ գիշեր պահուստի թարմ մրգի կախանները տուն բերելու և առաստաղից կախելու, Գոտեկախը՝ պատանեկան գիշերային շրջայցերի ժամանակ երդկից գոտիով գուլպաներ կամ զամբյուղներ կախելու սովորույթով։
Նույն կերպ որոշ տարբերություններ կային ծիսական սովորույթների կատարման ձևերում, սական դրանք իրենց բովանդակությամբ ընդհանուր էին։
Ամանորի սովորույթները խմբավորվում են հետևյալ երևույթների շուրջ․
- բնակարանը, բնակավայրը և մարդու մարմինն ու հոգին մաքրելը, հարդարելը,
- ծիսական ուտեստը,
- ծիսական այցելությունները, բախտագուշակությունները (անձնական, ընտանեկան, համայնքային, ազգային)
- հաջողությունն ապահովելուն միտված և չարը կանխարգելող հմայական խոսքերը, ծիսական մաղթանքները։
Նոր տարվա տոնին նախապատրաստվելու ընթացքում բնակարանի մաքրությանն առանձնակի կարևորություն էր տրվում։ Ոչ միայն մաքրվում էր բնակարանը, այլև հնարավորինս դուրս էին նետվում անպետք իրերը, նորոգվում էին քանդված մասերը։ Հանվում և մաքրվում էր ողջ ամանեղենը, լվացվում էր ողջ սպիտակեղենը։ Բնակարանը ներծծվում էր մաքրության բույրով։ Բնակարանը հարդարվում էր, զարդարվում էր։ Զարդարանքները ոչ միայն գեղագիտական էին, այլև՝ չարխափան կամ բարեբեր։ Չարխափանների շարքում կարելի է հիշատակել չար աչքի դեմ կիրառվող նշանները, որոնք տեղադրվում էին ինչպես մուտքի դռան վրա, այնպես էլ՝ պատերին։
Ապա ընտանիքի բոլոր անդամները լողանում էին և հագնում տոնական հագուստ, ցանկալի է՝ նոր հագուստ։ Նոր տարվա նախորդ օրը շարուրցիների բոլոր երդիկներից անընդհատ ծուխ էր բաձրանում, օջախի վրա անընդհատ ջուր էին եռացնում։ Եթե ընտանիքում գժտություն կար, աշխատում էին լուծել գժտության առիթը, հաշտեցնելու գժտվածներին։ Նույն կերպ գժտվածներին փորձում էին հաշտեցնել հասարակական միջավայրում։
Նոր տարվա գլխավոր նախապատրաստություններն ուտելիքների շուրջն էին։ Տոնի ժամանակ օգտագործվող ուտեստի տեսականին, դրանց ծիսական բնույթն ընդհանուր առմամբ նույնական էին հայոց շատ ազգագավառների համար, սական երբեմն տարբերվում էին պատրաստման կերպով, մատուցման և ճաշակման ժամանակով, անուններով։ Աշնանից սկսած այս տոնի համար ունենում էին զանազան չորացրած ու թարմ մրգեր, պաստեղներ, ընկույզերշիկներ և այլն։ Պետք է հիշել, որ հունվարի 1-ը, ընկնելով հայոց ծննդյան շաբաթվա տոնի մեջ, պաս օր էր, և ամանօրյա ուտելիքները բաղկացած էին պասին թույլատրելի ուտելեղենից։ Դեկտեմբերի 30-31 տանտիկինները ջանասիրաբար մաքրում էին լոբին, սիսեռը, ոսպը բրինձը, ձավարեղենը, որոնք տարբեր կերակրատեսակների ձևով պիտի զարդարեին տոնական սեղանը։ Տարբեր տեղերում այդ ճաշատեսակները տարբեր էին, բայց շատերը ջանում էին դրանց թիվը հասցնել յոթի։
Շատ ընդունված էին ոսպից, սիսեռից սարքած քյուֆթան, ոսպից, սիսեռից, լոբուց, ձավարեղենից ձեթով սարքած տոլման (սուտ տոլմա), Բալուի ( գյուղ Արևմտյան Հայաստանում) կերակրատեսակների մեջ հիշատակված անուշապուրի տեսակները, որ շատ տեղերում մայրամապուր (Մարիամի ապուր) էր կոչվում, ինչպես օրինակ, ծեծած կորկոտով, չամիչով, չոր ծիրանով ու սալորով եփված մայրամապուրը, որի մեջ եփելուց հետո դոշաբ էին դնում։ Լոռեցիների համար հատուկ նշանակություն ունեին լոբին և լոբաջրով պատրաստված կերակրատեսակները։
Շատ մեծ նշանակություն էր տրվում մրգերին։ Չոր ու թարմ մրգերը չամիչի ու ընդեղենների հետ կազմում են ամանորյա ընթրիքի հիմնական բաղադրիչները։ Որոշ տեղեր դարձյալ ջանում էին պահել յոթ թիվը՝ յոթ տեսակի թարմ միրգ, յոթ տեսակի չրեղեն կամ չոր մրգեր, յոթ տեսակի ընդեղեն, յոթ տեսակի պաստեղ։
Նոր տարվա սիրված անուշեղեններից էին նաև աղանձը՝ չամիչի, մաքրած ընկույզի, նուշի ու բոված կանեփի, երբեմն՝ բոված սիսեռի հետ խառնած, ինչպես նաև Նոր նախիջևանում կաղանդ կողվող անուշը։ Վերջինս սպիտակելու աստիճան հարած մեղրի և կեղևից մաքրած ու բաված ընկույզի միջուկի խառնուրդ է։
Դեկտեմբերի 31-ի տոնական նախապատրաստությունների առանցքը, սակայն կազմում էին բազմաթիվ խմորեղեններ։ Նախ՝ ամենուր այդ օրը հաց էին թխում, եթե նույնիսկ մեծ քանակությամբ հաց ունենային, Նոր տարին պետք էր նոր հացով սկսել։ Նորոգում էին թթխմորը։ Նոր տարվա համար թխվող հացի ալյուրից մի քանի բուռ 8-10 տարեկան անմեղ աղջնակ շաղում էր՝ առանց թթխմոր խառնելու այն պետք է թողնվեր ինքնաբերաբար թթվելու ու սկսվող տարվա առաջին թթխմորը դառնալու։ Այդ խմորից միայն մի փոքր կտոր ակշաթաթի վրա եփում ու ուտեցնում էին երեխաներին, որ նրանց փորը չցավար։ Ապա թխվում էր տոնի կարևորագույն՝ Տարի հաց, Կրկենի, Դովլաթ կրկենի, Կլոճ, Փուռնիկ և այլ անուններով հայտնի, ծիսական հացը։ Տարբեր տեղերում այդ հացի բաղադրամասերը, ձևերը տարբեր էին։ Տարին կարող էր լինել գաթա, բաղարջ, ձվաձև, կլոր, եռանկյունի, խաչաձև և այլն՝ ըստ ճաշակի և ցանկության։ Եթե գաթա է, ապա միջուկը՝ խորիսը, մեղրով է շաղախվում և առհասարակ այս գաթայի մեջ կաթ, մածուն, կարագ, յուղ չի գործածվում։ Սրա իմաստը շատ պարզ է՝ հայոց Ամանորը պաս օր է։ Ալաշկերտում ողջ խմորն է շաղախվում ընկույզով, չամիչով, կանեփով։ Սասունում Տարի հացը կոչվում էր Փուռնիկ, խորիսը ընկույզի միջուկ էր, բոված կանեփի հատիկ և քաղցր պաստեղ՝ միասին ծեծած։ Գլխավորն այն է, որ Տարի հացի մեջ որևէ նշան էր դրվում՝ կորիզ կամ լոբի, ավելի հաճախ դրամ։
Տարբեր տեղերում Տարին տարբեր օր են կտրում՝ տարեմտի ընթրիքին, հունվարի 1-ի առավոտյան, հունվարի 4-ին, հունվարի 5-ին՝ Ճրագալուծին, հունվարի 6-ին՝ Ծննդին։ Սասունում աշխատում էին թխել այնպես, որ կեսգիշեր չեղած կտրեին։ Ջավախքում Նոր տարվա արշալույսը բացվելու հետ տանտիկինները Տարին դնում էին սկուտեղի մեջ, վրան մեղր ածում, դուրս գալիս տնից, դառնում դեպի արևելք ու երեք անգամ ասում․ <<Դովլաթ, սարն էս, ձորն էս, արի տուն>>։ Ապա տուն էին մտնում, վրայի մեղրը բոլորին բաժանում, որպեսզի տարին անուշությունով անց կացնեն, իսկ Տարին պահում՝ հունվարի 4-ին կտրելու համար։ Շիրակում պառավը Տարին գրկում էր, տանում երթիկի շուրջը երեք անգամ պտույտ տալիս և այնտեղից գցում քուրսու վրա։ Տարին կտրում էին տան բոլոր անդամների թվին հավասար, հաճախ բաժին հանելով նաև կենդանիներին, արտին, հանդին․․․։ Ում բաժնի միջից դուրս գար այդ նշանը, այդ տարի նա երջանիկ կլիներ կամ ընտանիքի հաջողությունը նրանից կգար։ Ծիսական հացի միջի նշանը նշանի տերը պահում էր ողջ տարին։ Եթե կտրելիս դանակը դեմ էր առնում նշանին, նշանակում էր տարվա առատությունը գութանից, այսինքն՝ երկրագործությունից կգար։ Ոմանք կտրում էին տասերկու մասի ու գուշակում, թե տարվա առատությունը կամ բարեբախտությունը ո՞ր ամսից կգա։
Տարի հացից բացի, թխում էին զանազան ձևերի ու մեծության այլ խմորեղեններ, որոնք ունեին կանխատեսելու նպատակ, ինչպես նաև՝ հմայական խմորեղեններ։ Առհասարակ ամենօրյա ուտելիքներն ունեին մի քանի միտում, որոնք կարելի է խմբավորել հետևյալ կերպ․
- Հմայող- հաջողություն ապահովող,
- Գուշակությունների համար,
- Չարը կանխարգելող։
Հմայող-հաջողություն ապահովող ուտելիքներից էին, բոլոր տեսակի հատիկները՝ ձավարեղենը, ցորենը և այլն, որոնց առատ օգտագործումը նախնական պատկերացումներով պիտի ապահովեր կյանքի հարատևությունը, մշտնջենականությունը։ Որոշ պայմանականությամբ այդ շարքին կարելի է դասել նաև խմորեղենը, նոր թխվող հացը, որոնք նաև նպատակ ունեին տարվա առատությունն ապահովելու։ Նույն իմաստն ուներ ընդեղենների առատ օգտագործումը։ Մրգերի որոշ տեսակներ հայոց մեջ, ինչպես հայտնի է, հատուկ խորհուրդ ունեն։ Դրանցից մասնավոր տեղ են զբաղեցնում խնձորն ու նուռը։ Խնձորը, որի բեղմնավորման և առատացման զորության մասին պատկերացումները խիստ տարածված են, ոչ միայն Նոր տարվա մրգեղենի անբաժանելի մաս էր, այլ պարտադիր էր այդ օրվա նվիրատվություններում, իսկ երբեմն՝ նաև գուշակություններում։ Օրինակ՝ Պոնտոսի հայերը Տարի հացի փոխարեն տարվա բախտավորության նշանը խրում էին խնձորի մեջ։ Հաջորդ առավոտյան ընտանիքի անդամների թվով խնձորներ էին դնում սկուտեղի մեջ, այդ թվում՝ նշանը պարունակող խնձորը, և առաջարկում բոլորին մեկական խնձոր վերցնել՝ ստուգելու համար, թե ու՞մ բաժին կընկնի բախտի խնձորը։ Երջանիկին բոլորն աղմուկով և ուրախությամբ շնորհավորում էին ի սրտե։
Գուշակություններ անելու նպատակով թխում էին նաև կլոր, մեջը ծակ, ցորենով ու գարիով զարդարված հացի հոր, գարու հոր կոչվող խմորեղենները։ Գյուղերում թխում էին եզան պտուկներ, արոր, գութան, խնոցի, գաղաքներում՝ ընտանիքի եկամուտը խորհրդանշող աշխատանքային գործիքի պատկերով խմորեղեն, ինչպես՝ մկրատ, մատնոց, ուրագ, քսակ և այլն։ Դրանց թխվելու ձևով գուշակում, կանխատեսում էին այդ խորհրդանիշների իրական կրողների տվյալ տարվա վիճակը։ Այսինքն՝ հացի հորի ուռչելը նշանակում էր հացառատ տարի, խնոցու ուռչելը՝ կաթնառատ տարի, քսակի ուռչելը՝ դրամառատ և այլն։ Նույն տրամաբանությամբ յուրքանչյուր մարդ կարո է թխել այն առարկայի խորհրդանիշը, որի վերաբերյալ ուզում է գուշակություն անել։
Գուշակություններ անելու նպատակով շատ տեղերում թխում էին նաև մարդակերպ ու կենդանակերպ թխվածքներ՝ ընտանիքի անդամների թվի համեմատ, և տան կենդանիների տեսակներից՝ մեկական։ Մարդակերպ խմորեղենները Լոռիում կոչվում էին Ասիլ-Բալիլ, Գանձակում՝ Վասիլ։ Մարդակերպ հացիկները պատրաստում էին՝ աչքերի, բերանի և կրծքին դրած ձեռքերի վրա չամիչներ խրելով։ Փխվելու ընթացքում դրանց ուռչելը կամ սմքելը համապատասխանաբար դրական կամ բացասական գուշակություն էր տվյալ տարվա համար։ Օրինակ՝ եթե կնոջը ներկայացնող խմորեղենի որովայնը թխելիս ուռչում էր՝ ընտանիքում նոր երեխա պիտի ծնվեր։ Թխում էին կլոր, մեջը ծակ խմորեղեններ, որ Կլկալ էր կոչվում։
Կենդանիների և թռչունների անունով թխված խմորեղենները տրվում էին ուտելու հենց կովին, ոչխարին։ Տրվում էին նրանց Նոր տարվա նոր, հոսող ջրում օծելուց հետո։
Որոշ խմորեղեններ ունեին միաժամանակ հաջողություն ապահովող և չարը կանխարգելող խորհուրդ։ Օրինակ՝ թիֆլիսահայերը սովորություն ունեին, ի թիվս տոնական այլ խմորեղենների, թխել նաև երկու հաց, որոնցից մեկը կոչվում էր Էգ, մյուսը Չիք։ Էգը ողջ տարին պահում էին ալյուրի մեջ, որպեսզի ալյուրն առատանար, Չիքը գցում էին հոսող ջուրը, որ չարիքը, չկան անցնող ջրի նման չքանար։ Սեբաստիայում Նոր տարուն թխում էին կայծակի հաց, վստահ, որ այն ուտելուց հետո կայծակնահար չէին լինի։ Նույն Սեբաստիայում ամանորյա հացիկներից պահում էին մինչև գարուն և եթե գարունը չորային էր լինում, երեք անգամ թրջելով կտոր-կտոր թափում էին որևէ այրու երդիկից, որպեսզի անձրև գար։ Բութանիայում, Պոլսում այդ օրվա խմորեղեններից պահում էին մինչև Տյառնընդառաջ, այդ օրը չորացած հացը կոտրում և ուտում էին՝ որպես ատամնացավը կանխող միջոց։
Ուտելիքների միջոցով չարը կանխարգելող սովորություններից էր նաև, ինչպես ասվեց, առաջին թթխմորից մի փոքր կտոր թխելով երեխաներին ուտեցնելը, որ նրանց փորը չցավար։ Չարը կանխարգելելու նպատակով ընդեղենները ջարդվում էին միայն դեկտեմբերի վերջին օրվա գիշերը, հունվարի մեկից հետո մինչև Ծնունդ որևէ բան ջարդելը չարագուշակ նշան էր։
Այսօր դժվար է նոր տարին պատկերացնել առանց տոնածառի։ Այս համատարած երևույթի ուշագրավ դրսևորումներ հանդիպում ենք նաև որոշ հայկական սովորություններում։ Օրինակ՝ Պոնտոսի հայերի մեջ ընդունված էր Նոր տարվա երեկոյան ձիթենու համեմատաբար հաստ մի ճյուղ խրել նախապես թխված մեծ հացի կամ բաղարջի մեջ։ Այդ ճյուղը կոչվում է Կաղանդ ծառ։ Տնեցիներից յուրաքանչյուրը Կաղանդ ծառից կտրում էր փոքր ոստ և ինքն իր լուսավոր ճակատագիրն ապահովելու նպատակով զարդարում ընկույզներով։ Առավոտյան տան տերը հաստ ճյուղը տանում էր եկեղեցի, քահանային օրհնել տալիս, հետո բերում տուն, տան անդամներից յուրաքանչյուրի մազերից մեկական մազ հանում, փաթաթում ճյուղին ու այն ամրացնում գերանին։
Բարեբեր իմաստն ուներ հասկերով կամ հասկերից պատրաստված ծառատիպ զարդարանքները, որոնց վրա նույնպես կախում էին չարխափաններ։
Նոր տարվա տոնական խնջույքը սկսվում էր դեկտեմբերի 31-ի ընթրիքով։ Շատ տեղերում այդ օրն այցելություններ չէին լինում, սակայն ընթրիքին ընտանիքի բոլոր անդամների ներկայությունը պարտադիր էր։ Միայն նշանված աղջիկներն իրենց նշանածներին մետաքսյա գույնզգույն թելերով փնջած խնձոր էին ուղարկում և նրանցից նույնպես խնձոր էին ստանում՝ մեջն արծաթյա տաս կոպեկանոցներ խրած։ Այլ տեղերում, ընդհակառակն, տոնական այցելությունները սկսվում էին հենց այդ երեկո։
Նոր տարվա համահայկական սովորույթներից կարելի է առանձնացնել առաջին հերթին նախօրդ օրն ու գիշերը 10-12 տարեկան տղաների, իսկ որոշ տեղերում նաև աղջիկների խմբերի ծիսական շրջայցերը և տոնը շնորհավորելու ավանդույթը։ Խմբերը պարելով շրջում էին փողոցներում և որևէ մեկի տանը մոտենալիս սկսում էին երգել։ Սովորաբար շնորհավորում էին երգելով։ Երգերի տեքստերը պարունակում էին բարեմաղթություններ, ընտանիքի անդամների գովք և տոնական ճաշատեսակների խնդրանք։ Մինչև տներում զբաղված էին տոնական նախապատրաստություններով, տղաները երգելով տուն էին մտնում կամ երդիկից դատարկ տոպրակ իջեցնելով՝ ավետում հին տարվա ավարտը, Նոր տարվա գալուստը։ Չնայած բովանդակային մեծ ընդհանրությանը, այդ երգերը շատ էին տարբերվում։ Նախ դրանցից յուրաքանչյուրը կատարվում էր տեղական բարբառով, երգերում հիշատակվող ուտելիքների թվարկումից, ըստ էության, կարելի է պատկերացնել տվյալ տեղանքի Նոր տարվա անհրաժեշտ մթերքների առարկայական ցանկը, ապահով, բարեկեցիկ կյանքի վերաբերյալ տեղական պատկերացումները և այլն։ Երեկոյան շրջայցերը հաջորդ օրը շարունակվում էին, երբեմն՝ երկու-երեք օր։
Տանտիկինը կախված տոպրակի մեջ դնում էր մրգեր, հատուկ այդ նպատակով թխված խմորեղեն, ընդեղեն, չամիչ և այլն։
Ընթրիքից հետո կեսգիշերին երիտասև արդները գնում էին թարմ, Նոր տարվա սկզբի հետ նորոգված ջուր բերելու։ Շատ տեղերում աղբյուր՝ ջրի գնում էին ընտանիքի մի քանի անդամ՝ տարբեր նպատակներով։ Առհասարակ այդ ժամին ջրին հատուկ զորություն էր վերագրվում։ Որոշ տեղեր համոզված էին, որ ուղիղ կեսգիշերին, երբ հին տարին տեղը զիջում է նորին, գետի ջուրը մի պահ ոսկի է հոսում։ Որոշ տեղեր մինչև կես գիշեր յոթ անգամ գնում էին մեկական կուժ ջուր բերում ու իրար ետևից շարում, մինչև կեսգիշերին՝ ութերորդ կժի ժամանակ հաջողեցնեին <<ջրի հետ հոսալ, ոսկին որսալ>>։ Ջավախքում երիտասարդ տղաները եկաթե շիշը և ակիշը ձի արած արշավում էին դեպի գետը, նրա մեջ ցորեն ու գարի լցնում և սրբազան ջուրը տուն բերում։ Երբեմն այդ ժամին բազմաթիվ մարդիկ շրջապատում էին աղբյուրը, ջերմորեն աղոթում ու ջրի շիթերին խառնում Նոր տարվա բնորոշ խմորեղենների կտորներ, գարու, ցորենի հատիկներ։
Այսպիսով շնորհավորում էին ջրի Նոր տարին և միաժամանակ մյուս խմորեղեններից, ինչպես նաև մի խուրձ խոտ թրջելով նորոգած ջրով, ջանում քաղել նրա զորությունը։
Ուշագրավ է, որ ջրի հետ առնչվող սովորություններում ակնհայտ զգացվում է կանանց և տղամարդկանց որոշ տարբերություններ։ Ջրին շնորհավորելու սովորությունը վերապահված էր տարեց կանանց, նրանք էին ջրի մեջ հատիկներ ու հացի, խմորեղենի կտորներ գցում, նրանք էին ասում հմայական, շնորհավորական խոսքերը։ Կեսգիշերին ջուրը կժերը լցնում էին տղաները, իսկ խոտի խրձերը ջրի տակ թրջում էին տղամարդիկ։
Այս գիշեր ջրի տակ թրջած հացի մի քանի կտոր որոշ տեղեր ամբարի մեջ պահում էին մինչև տարվա վերջ, որպեսզի հացն առատ լիներ։ Հացի հոր կոչվող կլոր, ծակ թխվածքը կախում էին տան պատից։ Գիշերը թրջված խոտը, տան կենդանիների, երկրագործական գործիքների և այլ այս կարգի պատկերներով թխված հացիկները, ջրում առավոտյան թրջելուց հետո, ուտեցնում էին կենդանիներին։ Որպես կանոն ուտեցնելուց, հյուրասիրելու այդ պահն ուղեկցվում էր բարեմաղթություններով։
Ավելորդ է ասել, որ տան ջրի բոլոր անոթները լցնում էին նորոգ ջրով։
Ջրի կեսգիշերային զորությունն այնքան մեծ էր համարվում, որ ոմանք վստահ էին, որ այդ պահին հոսող ջուրն իր հետ կարող է տանել, չքացնել դողերոցքով հիվանդի ցավը։ Ձմեռվա այդ սառնամանիքին հիվանդներ կային, որ մերկանում էին և մի ակնթարթով մտնում գուռից հոսող ջրի տակ։
Հացից ու ջրից զատ նորոգվում էր նաև կրակը։ Դեռևս քսաներորդ դարասկզբին օջախն էր տաքացնում տունը, օջախի վրա էին կերակուր պատրաստում։ Օջախն առհասարակ տան սրբազան անկյուններից էր, և նրա հետ կապված բազմաթիվ ավանդական սովորություններ ապահովում էին օջախի բարոյական և առարկայական անձեռնմխելիությունը։ Բայց նոր տարվա օջախն առանձնահատուկ էր, երբ նորոգվում էր կրակը։ Շատ տեղերում մի մեծ քոթուկ էին դնում օջախի մեջ՝ աստիճանաբար առաջ մղելու պայմանով այնպես, որ մինչև Ծնունդ կրակն անմար մնար։ Բոլոր դեպքերում անմար էր պահվում Նոր տարվա գիշերվա և հաջորդ օրվա՝ հունվարի 1-ի օջախը։ Ավելի ուշ Ծննդյան երեկոյին վերցնում էին քոթուկից մնացած խանձողները, տանում հանդերում թաղում, որ բերքն առատ լինի ու կարկուտը չխփի, ինչպես նաև պահում էին ու կարկուտի ժամանակ դուրս նետում, որ կարկուտը կտրվի։ Տնեցիներից ով էլ այդ օրը տուն մտներ, նույնիսկ օրվա ընթացքում մի քանի անգամ, անպայման հետը թեկուզ մի փայտ էր ներս բերում ու դնում օջախը՝ մի տեսակ շնորհավորելով տոնի առթիվ։ Միայն տան մեծի բերած փայտի կտորը մի փոքր վեռվելուց հետո հանում էին, կրակը հանգցնում և մոխրում թաղում։ Այդպես էին անում մինչև Ջրօրհնեք, որից հետո տանում էին թաղում էին արտի ծայրում, որ հունձն առատ լինի։ Այդ օրերին օջախի կրակի պայծառությունն առհասարակ ապահովում էր ընտանիքի կյանքի պայծառությունն ու ջերմությունը տարվա ընթացքում։
Բազմապիսի գուշակությունները, ինչպես ասվեց, Նոր տարվա տոնի բնորոշ, անբաժան մասն էին կազմում։ Օրինակ՝ Ջավախքում Նոր տարուն տնից առաջին անգամ դուրս գալիս հայրը գոմ էր մտնում տնեցիների ուղեկցությամբ, ձին քաշում գոմի մեջտեղը, և բոլորն անհամբեր սպասում էին, թե ձին ինքնուրույն որ ոտքն առաջինը կբարձրացնի։ Աջը բարձրացնելը մեծ բարեբախտություն էր գուշակում, ձախը ձախորդություն։ Նույն Ջավախքում հունվարի 1-ն առհասարակ բախտ-փորձուկ էր։ Երիտասարդ տղաներն ու աղջիկները նախօրդ օրը թխված Ղառղռի կլիկները՝ կլոր, փոքր հացիկները դնում էին կտուրներին կամ դեզերի վրա և հետևում, թե դրանք կտցող ագռավները որ կողմը կթռչեն․ այդ կողմից էլ սպասվում էր հարսնացուն կամ փեսացուն։ Կիպրոսի հայերը նույն գուշակությունն անում էին եզա հետ․ հունվարի 1-ի առավոտյան տանտերը գոմ էր մտնում, լայնատերև թփով հարվածում պատերին, մսուրին, բոլոր ընտանի անասուններին, ապա երկու կլոր խմորեղեն հագցնում սիրելի եզան կոտոշներին, այդ խմորեղեններին երկու վառվող մոմ փակցնում և եզանը դեպի դուռը հրում․ եթե եզը դռան շեմը աջ կճղակով անցներ՝ բարի նշան էր, եթե ձախ՝ վատ, չարագուշակ։ Ուստի ամեն ջանք գործադրում էին, որ եզն աջ կճղակով անցներ։
Այլ վայրերում գիշերը, երբ տնեցիները նստում էին մոմի լույսի ներքո և մոմի լույսից պատերին գծագրվում էին ստվերները, այդ ստվերների ձևով, լուսավորության և դժգունության աստիճանով գուշակում էին դրանց տիրոջ լուսավոր կամ մութ, անորոշ ապագան տվյալ տարվա համար։ Աղջիկներն էլ ձուն մաքրում, լվանում էին, մի թասի մեջ ճերմակ ձվի կողքին դնում էին ածուխ ու հինա և գիշերը թողնում թոնրի շրթին։ Եթե առավոտյան ձուն կարմրած լիներ, ենթադրում էին, որ այն դնող աղջիկն այդ տարի կարմիր բախտի կարժանանա, այսինքն՝ կամուսնանա, սևանալու դեպքում սև բախտ էր սպասվում, նույնիսկ՝ մահ։ Աղջիկների ճակատագրի գուշակության մեկ այլ ձև էր այն սովորությունը, երբ նրանք գիշերը երեք անգամ ավլում էին թոնրի պատերը և այդ նույն ավելը գիշերը դնում իրենց բարձի տակ։ Եթե առավոտյան ավելի ճյուղերից որևէ մեկը ջարդված չէր լինում, լավ ճակատագիր էր գուշակում։
Գուշակություններից զատ մի շարք միջոցներ էին ձեռնարկում հաջողություններն ապահովելու համար։ Նախ այդ օրը խուսափում էին որևէ մեկին փոխ տալ, հատկապես՝ թթխմոր, դրամ, առհասարակ ծախս չէին անում։ Առավոտյան տան դուռն առաջինը տան մեծն էր բացում, որպեսզի նա շատ տարիներ իր տանից անպակաս լիներ։ Առավոտյան վաղ նոր բերած ջուրը հեղում էին տան անկյուններում՝ տան առատությունն ապահովելու համար, նույն նպատակով յոթ տների աղբանոցից փայտի խշուրներ էին հավաքում ու գցում իրենց աղբանոցը, միմյանց նվերներ էին տալիս, հատկապես մեծերը՝ փոքրերին։ Վաղ առավոտյան տան մեծը մատուցարանի մեջ շարում էր հաց, գինի, մեղր և չորս խնձոր, որոնց վրա չորս մեղրամոմ էր վառվում։ Մատուցարանը տանելով տան չորս անկյուններն ասում էր․ <<Անուշ արեք, ովքեր չեք երևում, շնորհավոր նոր տարի>>։ Ապա դուրս էր գալիս ու աղոթում Աստծուն, խնդրելով, որ ամբողջ տարին իր տան համար անցնի այնպես քաղցրությունով, ինչպես քաղցր է մատուցարանը, տուն մտնում, տան բոլոր անդամներին հրավիրում ճաշակելու հացից ու մեղրից, ասելով՝ էսպես քաղցր պառավես։ Վերջապես մեղրից խաչաձև քսում էր դռան ճակատին ու վառած մեղրամոմի ծխով սևացնում քսած տեղը, մի կարմիր շոր կապում ու ներս մտնելով երեխաներին բաժանում նրանց համար թխված խմորեղենները։ Դրանից հետո մինչև նա կաղնդում էր հավերին, տան տղամարդը կլկալներն առած մտնում էր գոմ՝ նախապես գոմի դռան վերևը խաչ քաշելով, գոմեշների աջ եղջյուրին մեկական կլկալ անցկացնում, բերաններին մի քիչ մեղր քսում։
Տան դուռը երբեք չէր փակվում։ Առավոտ շուտ կարող էին սկսել այցելությունները։ Բոլոր հյուրերը խիստ ցանկալի էին։ Այցելում էին տոհմի մեծերին, ծնողներին, խնամիներին, հարևաններին, քավորին, գյուղապետին, քահանային։ Նշանված աղջկան փայ էին ուղարկում փեսացուի միջոցով։ Շնորհավորելու գնացողները երբեք դատարկաձեռն տուն չէին մտնում, առնվազն մի խնձոր էին ավելացնում սեղանի բարիքներին՝ բարեկեցության և երկարակեցության մաղթանքներով։ Թե տնեցիները, թե այցելուները տուն մտնում էին աջ ոտքը առաջինը մտցնելով, այլապես ձախորդություններն անպակաս կլինեին։

No comments:

Post a Comment

ՋՈՆ ՖԻՑՋԵՐԱԼԴ ՔԵՆԵԴԻ

Ջոն Ֆ. Քենեդին ընտրվեց Միացյալ Նահանգների երեսունհինգերորդ նախագահ քառասուներեք տարեկանում՝ լինելով ամենաերիտասարդ թեկնածուն և առաջինն ընտրվ...