ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ԵՎ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ



Հայաստանի Հանրապետության պետական զինանշան

Հայաստանի զինանշանի մասին օրենքն ընդունվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից 1992 թվականի ապրիլի 19-ին։ 2005 թվականի նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից հետո, 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ զինանշանի մասին» նոր օրենքը։
Հայաստանի պետական զինանշանի կենտրոնական մասում՝ վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի՝ Արտաշեսյանների,
Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները. վերևից ձախ՝ Բագրատունիների, վերևից աջ՝ Արշակունիների, ներքևից ձախ՝ Արտաշիսյանների, ներքևից աջ՝ Ռուբինյանների զինանշանները։
Դրանք բոլորում են բիբլիական Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։
Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։
Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, փետուրն ու հասկերը՝ հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը։
Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։
Հայաստանի զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը՝ վերևից ձախ՝ կարմիր, վերևից աջ՝ կապույտ, ներքևից ձախ՝ կապույտ, ներքևից աջ՝ կարմիր, և կենտրոնում՝ վահանի վրա պատկերված Արարատ լեռը՝ նարնջագույն։ Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի դրոշի գույները։

Հայաստանի Հանրապետության պետական դրոշ

Պետական դրոշը հաստատվել է «Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքով (1990 թվականին օգոստոսի 24-ին), որը Հայաստանի առաջին հանրապետության 1919 թվականին ընդունած դրոշն է։ 2006 թվականին հունիսի 15-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» նոր օրենք։
Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով։
Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։
Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։
Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը։
Դրոշի լայնության և երկարության հարաբերությունը 1։2 է, որի պահպանմամբ կարող է օգտագործվել ցանկացած չափի դրոշ։

No comments:

Post a Comment

ՋՈՆ ՖԻՑՋԵՐԱԼԴ ՔԵՆԵԴԻ

Ջոն Ֆ. Քենեդին ընտրվեց Միացյալ Նահանգների երեսունհինգերորդ նախագահ քառասուներեք տարեկանում՝ լինելով ամենաերիտասարդ թեկնածուն և առաջինն ընտրվ...